ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՉԳՏՆՎԱԾ ՈՒ ԳՏՆՎԱԾ ԵՐԻՑՈՒԿՆԵՐԸ…

large-210  Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում…

Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված երիտասարդ աղջկան…

Բաժանումը, ինչպիսին էլ այն լինի, երբեք հեշտ չէ, բաժանումը սրտամաշ է, բաժանումը մղձավանջ է…

Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում: Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կյանքի ամենաերջանիկ պահերից է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, երբ էյֆորիան անցել է, դու արդեն նկատում ես նաև շրջապատի մարդկանց, իրերն ունեն իրենց ճիշտ տեղը, ճիշտ անվանումը, և դու քո միակին սիրում ես արդեն ոչ թե երկնքում, այլ երկրի վրա…

Ամեն աղջկա կյանքում լինում է մի պահ, որ թվում է՝ վերջ գտել է նրան, ում հետ պիտի ապրի հավիտյան, բայց երբեք հաշիվ չի տալիս, որ իրականում այդ քայլին որոշակի վերապահումներով է գնում…

Կինը կարծում է, թե ամուսնությունից հետո շատ ավելի մեծ սիրո ու ուշադրության է արժանանալու տղամարդուց, քան ամուսնությունից առաջ: Բայց միայն քչերին է բախտը ժպտում…

Ի~նչ հեշտ է մի քայլով մարդուն կործանման հասցնելն ու ի~նչ դժվար՝ նրան ոտքի կանգնեցնելը…

Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հետո այն պահպանելու միջոցներով…

Նա արտասվում է չգտնված երիցուկների համար, որովհետև փնտրել էր ու չէր գտել, բայց երբեք չուրախացավ գտնված երիցուկների համար, որ առատորեն նվիրում էր նա: Այնինչ գուցե հենց դա էր իր երջանկությունը…

Եթե սերը զոհողություններ է պահանջում, ապա մի օր էլ հենց սերը կհայտնվի զոհասեղանին…

Կարոտ: Չկա զգացմունքների ավելի խոսուն նկարագրություն, քան այն, ինչ կապվում է կարոտի հետ…

Անցյալը չես կարող մոռանալ, բայց ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասում՝ հիշողությունը տրված է նաև մոռանալու համար…

Սերը միշտ ձգտում է սիրած էակի կողքին լինել…

Փողոցը, որտեղ ապրում է սիրելի էակդ, մեխանիկորեն քեզ հարազատ է դառնում: Հարազատ է դառնում նաև փողոցի ծայրին գտնվող այն չորացած ծառը, որի վրա գուցե սիրելիդ երբևէ ուշադրություն էլ չի դարձրել: Հարազատ է դառնում այն ավտոբուսը, որով ինքը տուն է գնում, ու ամեն անգամ այդ ավտոբուսը տեսնելիս կամա-ակամա նրան ես փնտրում: Հարազատ են դառնում նրա հարևանները, չնայած սիրելիդ նրանց անունները չի էլ հիշում: Ամեն բան դառնում է թանկ ու հարազատ, որպես սիրելիիդ զգալու միակ, հուսահատ, վերջին միջոց…

Քեզ սիրող մարդուն կողքիդ պահելու համար ընդամենը պետք է մնալ այնպիսին, ինչպիսին կայիր, երբ գրավեցիր նրա սիրտը…

– Օգնի՛ր մոռանամ նրան, ձեռքդ տո՛ւր, որ ճահճից դուրս գամ,- արցունքները խեղդում էր նրան:
-Քանի~ ամիս է՝ ձեռքս մեկնել եմ, գուցե վերջապես բռնե՞ս…

Եթե ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է  կոտրած տաշտակի առաջ, ապա նույնքան ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է նոր ընտանիք ստեղծել ու երջանիկ ապրել…

Ոչինչ չի կարող ստիպել կյանքը նորից սկսել, քան սեփական ցանկությունը…

Միևնույն է, երբ մարդ ուզում է տառապել, դրա դեմ ոչինչ չես կարող անել…

Եթե սիրելուն չափ կա, ապա ես հրաժարվում եմ սիրելուց…

Երբեմն երջանիկ լինելու համար բավարար է տվածիդ ընդամենը մեկ տոկոսի վերադարձը…

Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում: Երբ բանաստեղծը հերթական չքնաղ սիրերգությունն է երկնում, դա ծնվում է կնոջ հանդեպ սիրուց: Նույնը երաժիշտը կամ նկարիչը:  Իսկ հանդիսատեսը միամտաբար կարծում է, թե կինը , ում նվիրված է ստեղծագործությունը, մի երկնային, անթերի ու անաղարտ մի էակ է: Գուցե երբեմն հենց այդպես էլ կա, բայց հաճախ մենք կարդում ենք , լսում կամ դիտում սիրահարված արվեստագետի աշխատանքը, այսինքն ոչ այն, ինչ իրականություն է, այլ այն, թե արվեստագետն ի՛նչ գույներով է ներկել իրականությունը…

Որովհետև մարդուն մեր մեջ թաղելուց հետո մոռանում ենք թաղել նաև նրա հանդեպ տածած սերը, որ հաճախ ավելի քաղցր ու կարոտալի է, քան հենց ինքը՝ մարդը…

Հենց թանկ մարդկանց հետ պետք է զգույշ լինել թե՛ խոսքերում, թե՛ գործերում…

Նույնիսկ Աստղիկին կարոտել չէր ուզում, որովհետև կարոտել նշանակում է ձգտել, երազել, քայլել կարոտիդ ուղղությամբ…

Փաստորեն միայն աստղագիտության մեջ է, որ Արևը մեկն է, մի հատ է: Երկրի վրա արևներ շատ կան, միայն թե տեսնել է պետք, տեսնելու ցանկություն:
-Ցանկացած մարդու լավ ճանաչելու դեպքում չսիրելու բազմաթիվ պատճառներ կգտնվեն:
Ստացվում է, որ իրականում ոչ մեկին չես կարող սիրել: Իսկ սիրելու ցանկություն հազվադեպ է առաջանում: Եվ եթե դու իմ կողքին լինես, ապա ես քեզ սիրելու եմ անսահման, անմնացորդ…

– Եթե քո հոգին այդքան գեղեցիկ չլիներ, ապա ես քո արտաքին գեղեցկությունը երբեք գովաբանության առիթ չէի դարձնի: Հոգիդ է, որ գեղեցկացնում է աչքերդ, փայլ հաղորդում, հոգիդ է, որ վարսերդ ինձ համար ալիքաձև ջրվեժներ է դարձնում, հոգիդ է, որ այտիդ փոսիկն արժեքի է վերածում…

Աշնանային մելամաղձոտ հիշողություններից ձերբազատվելու լավագույն միջոցը նոր ու լուսավոր հիշողություններ ստեղծելն է…

«Ես քո գեղեկցության սիրահարն եմ, բայց կուզեի, որ դու այդպես գեղեցիկ չլինեիր: Այդ դեպքում գուցե հասկանայիր, որ սիրուս առարկան հոգիդ է, այն, ինչը տեսանելի չէ, այն, ինչը չի թոշնում տարիների ընթացքում»…

Մենք հաճախ չենք գնահատում մեր սիրելիների հետ անցկացրած այն թանկ վայրկյանները, որ իրականում թանկ  են դառնում միայն այն ժամանակ, երբ սիրելին արդեն մեր կողքին չէ: Եվ ինչո՞ւ. Հաճախ միայն նրա համար, որ հասարակության քննախույզ հայացքներից խուսափենք: Իսկ հետո պատրաստ ենք թեկուզ հազար հայացքի ներքո էլ գրկել մեր սիրելիին: Հայացքները կանցնեն, կգնան, ընդամենը պետք է ամուր բռնել սիրելի մարդու ձեռքը: Այնքան ամուր, որ փողոցն անցնելուց հետո ձեռքը բաց չթողնես մինչև հաջորդ փողոցն անցնելը…

Գուցե երջանկությունը սահմանում չունի, բայց երբ գլուխդ խաղաղ սրտով ես բարձին դնում, ի՞նչ է դա, եթե ոչ երջանկություն…

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» Մեջբերումներ գրքից

el-principito-2015-empeliculados-co_  Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:

– Էլ մի ձգձգիր…դա անտանելի է…Եթե որոշել ես գնալ՝ գնա…

-Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետեվ դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
-Որովհետեվ ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի: Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

Թագավորներն աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:

– Սրտին էլ է ջուր պետք:

– Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- շարունակեց Փոքրիկ իշխանը: – Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:

– Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը…Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:

– Իսկ որտե՞ղ են մարդիկ,- վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:- Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:
– Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,- նկատեց օձը:

Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»

Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…

Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը։

Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ։

Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա։ Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։

Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։ Դու պատասխանատու ես քո վարդի համար։

 

get       Ասում են՝ «տունը շինությունը չէ, տունը միջի մարդիկ են»։ Ասում են՝ «ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։
Հաշվենք, որ լեզուն՝ մեր ընտանիքի անդամներից մեկն է, հաշվենք, որ լեզուն մեր հայ զինվորն է։ Մեր ընտանիքը պահպանելու համար, ինքներս պիտի լավը լինենք, մեր զինվորներով հպարտանալու համար, ինքներս պիտի իրենց համար օրինակ լինենք, մեր հայրենիքը խաղաղ տեսնելու համար, ինքներս պիտի հոգով խաղաղվենք։
Թշնամուն լռեցնելու համար, պիտի լեզու գտնես հետը, չլռեց՝ պիտի իր լեզվով խոսես։ Ամեն տեղ էդ լեզուն է՝ հա փրկում է մեզ։ Լեզու չունեցանք՝ չենք խոսի, լեզու չունեցանք՝ մեղա չենք գա, լեզու չունեցանք՝ չենք մեղադրի, լեզու չունեցանք՝ ազգ չենք ունենա, լեզու չունեցանք՝ ազգս անուն չի ունենա։ Բա երկիրն ո՞վ կոչի անունով, բա մարդիկ ի՞նչ կոչեն իրար, բա զինվորն ինչի՞ կամ ու՞մ համար պայքարի, ու՞մ համար մեռնի։ Լեզուները տարբեր են լինում, լեզվին տիրապետողը լեզվին սիրահարված է լինում, լեզվի ընտանիքն էլ հայրենիքն է լինում, հայրենիքի մեջ էլ բոլորն են լինում՝ էլ զիվոր, էլ բանվոր, էլ սիրավոր, էլ վիրավոր․․․ Մենք էլ իրենց մասին հա ասում-խոսում ենք, նստում ենք՝ խոսում ենք, կանգնում ենք, բաժակները չխկացնում ենք, ասում ենք, ու խմում ենք, քայլում ենք՝ իրենց մասին ենք մտածում ու ինքներս մեզ հետ խոսում ենք՝ էլի իրենց մասին։ Ինչո՞վ ենք խոսում՝ լեզվով ենք խոսում, ու՞մ մասին ենք խոսում՝ բանվորի մասին ենք խոսում, զինվորի մասին ենք խոսում, բոլորի մասին խոսում։ Մեզ համար բոլորը մեր հայրենիքն է, հայրենիքն էլ մենք բոլորս ենք, լեզուն՝ առավել ևս․․․

Ես՝… ծառայության անցնելով Հայաստանի զինված ուժերում…

britanakan_zorqer_en_zohvel_paytyunic_990532952
-Մա՛մ, քանի՞ աստղ կա երկնքում:
-Շատ, տղես, շատ-շատ:
-Տեսնում եմ, որ շատ են, բայց քանի՞  հատ:
-Չգիտեմ, չեմ հաշվել:
-Մա՛մ, ախր, երբ ես ասում եմ, որ սիրում եմ քեզ, իսկ դու ինձ հարցնում ես՝ ինչքան, ես քեզ ասում եմ ամպի չափ, այսինքն՝ անսահման: Ես չեմ հաշվել, թե ինչքան եմ քեզ սիրում, բայց ասում եմ չէ՞, հիմա էլ դու ինձ ասա, քանի՞ աստղ կա երկնքում:
-Էդ դեպքում՝ անսահման, Նարեկ ջան:
-Իսկ ինչու՞ է այդ անսահման աստղերից միայն մեկն ուժեղ փայլում:
Երբ բոլորեց Վահանի տասնութ տարին, մի քանի օր անց եկավ նրա մոր համար ամենացավոտ օրը: Հետագա երկու տարիները, որոնք պիտի մի կերպ ապրվեին կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ քարշ գային, թվալու էին երկու տասնամյակ, նույնիսկ հարյուրամյակ: Բայց քանի որ յուրաքանչյուր մայր պարտավոր է զգալ, թե ինչ ասել է զինվոր ունենալ, հպարտության զգացում ունենալ, կորցնելու վախ ունենալ, էդ պատճառով Վահանի մայրն էլ պիտի ամեն օր՝ գիշեր-ցերեկ աղոթեր, որ խաղաղություն լինի: Ցավն այն է, որ ոչ բոլորին է հաջողվում վերջում Աստծուց շնորհակալ լինել, որ որդին բարեհաջող տուն հասավ այդ հարյուրամյակից հետո:
Տանեցիներին հրաժեշտ տալուց հետո, ազգի առաջ, մոր աչքերին նայելով, երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Դե, մայրն էլ լաց եղավ, սիրտը ցավեց, բայց երևի հպարտության զգացումն էր ուժեղ սեղմում, նեղում էր սրտի աշխատանքին: Երդման արարողոթյունից հետո նրանց միջի տարածությունն ավելի փոքրացավ, այնքան, որ  կարողացան գրկել իրար, համբուրել, հուզվել: Վահանն ուժեղ տղա էր, հավասարակշռված, հասկացող, խնամող, հոգ տանող: Մորը հանգստացնելու համար ասաց. «Մամ, երդման տեքստին շատ ականջ մի՛ դիր, բառեր են, որոնք պիտի հնչեղ լինեն, դե մի ամբողջ ազգի առջև ենք երդվում, չէ՞: Հանգիստ եղիր, ես տուն եմ գալու, իմ ծառայության ընթացքում իմ ու քո հայրենիքին ոչինչ չի լինի, իմ հետքը կթողնեմ բանակի վրա՝ խաղաղության տեսքով, բայց հետ կգամ, նորից կժպտամ, խոստանում եմ»: Մորն էլ ինչ էր մնում անել, բացի ճակատը համբուրելուց:
Մի կեսօր խորհրդավոր կերպով մեկը Վահանենց տան դուռը թակեց ու ներս մտավ: Մայրը նույնիսկ չհասցրեց տեղից վեր կենալ ու մոտակա հինգ րոպեն չէր էլ կարողանալու էդ գործողությունը կատարել՝ ապշած էր, չէր հավատում աչքերին, մի քանի անգամ տրորեց ու ամբողջ ուժերը գործի դրեց, որպեսզի ոտքի կանգնի ու նորից համբուրի որդուն: Վահանի ծառայությունից արդեն անցել էր վեց ամիս, տասնօրյա արձակուրդին էր եկել անակնկալ կերպով: Այդ գիշեր Վահանենց տան լույսը չանջատվեց: Բանակային կյանք, ընկերներ, դժվարություններ, հաջողություններ՝ լիքը ասելիք ու լսելիք կար:
Մի քանի ժամ հետո Վահանը տասնինը տարեկան էր դառնալու: Դարձավ: Մի քանի օր հետո էլ մայրը պիտի ժամերը հաշվեր, թե երբ է ծառայության մի տարին սարից այն կողմ հայտնվելու: Ժամերն էլ հաշվվեց, ծառայության մի տարին էլ անցավ, հարյուրամյակի կեսն էլ անցավ: Արդեն պիտի ասվեր, ոչ թե այսքան ժամանակ ծառայում է, այլ այսքան է մնացել, որ գա:
Հարյուրամյակի կեսի հետհաշվարկը սկսվեց, օրացույցի կարմիր խաչերն օր օրի ավելանում էին, վեց ամիս էլ ավելացան ու կանգ առան: Տարվա մնացած մյուս ամիսներն ու օրերը դեմ էին, որ իրենց վրա խաչ քաշվեր: Լուր հասցրին, որ Վահանը կատարեց երդումը՝ (անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը), իսկ խոստումը՝ կիսատ (հետ գալ տուն):
Նարեկի հարցը, թե ինչու է անսահման աստղերից միայն մեկը փայլում, մորը հիշողությունների գիրկը գցեց, ստիպեց լաց լինել, բայց պատասխանը Նարեկին գոհացրեց:
-Նար, հիշու՞մ ես, եղբայրդ՝ Վահանը խոստացավ, որ նորից ժպտալու է: Հիմա նորից նայիր քո անսահման աստղերին ու Վահանին ձեռքով արա, թեև երդման տերը եղավ (անձնվիրաբար ծառայել հայրենիքին), բայց խոստումը դրժեց (հետ գալ տուն): Այնուամենայնիվ նայիր ժպտում է քեզ՝ փայլում է…
 

158454Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը։
Ֆրիդրիխ Ադլեր։
Բայց այդ հասարակությունում միշտ լինում են անհամաձայնություններ, տհաճ խոսակցություններ, չէ՞ որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր մտքերն ու տեսակետները, իսկ դրանց դնել մեկ ուղղու վրա, միշտ չէ, որ հնարավոր է լինում։ Գոյություն չունի ակնհայտ ճշմարտություն, կան դրա միլլիոնավոր տարբերակներ, որոնք կա՛մ ընդունվում են այդ հասարակության կողմից, կա՛մ չեն ընդունվում, բայց և երբեք չեն քննադատվում։
Այդ փոքրիկ հասարակությունն իդեալական դարձնելու համար շատ տարբերակներ կան՝ զիջողականություն, փախհամաձայնություն, հարգանք, համբերություն, ժպիտներ ու սեր։ Մեզնից յուրաքանչյուրն էլ սրացից ինչ-որ չափ կրում է իր մեջ։ Մենք բոլորս մեկ-մեկ զիջում ենք, համբերում, հարգում, հաճախ ժպտում ենք ու միշտ սիրում։ Բայց այս բոլորը դնել մեկ հարթության վրա՝  չենք կարող, որպեսզի պատկերենք իդեալական մոդելը։ Եթե մենք փորձենք նկարել իդեալական հասարակության պատկեր, դժվար թե երբևէ այն ավարտին հասցնենք։ Նկարը պետք է իր մեջ պարունակի գույներ՝ տարբեր գույներ (ընտանիքում այդ գույները անդամներն են, ովքեր ունեն իրենց հատուկ գույները՝ մտածողությունը), պետք է լինի պատկեր, որպեսզի նայես ու հասկանաս՝ ինչի մասին է խոսքը (այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիք պետք է լինի միասնական, որպեսզի նայես ու հասկանաս, որ ընտանիք է)։ Նկարում պետք է լինեն նաև չհասկացված ու մութ անկյուններ, որպեսզի այն լինի հետաքրքիր ու յուրահատուկ՝ (ընտանիքում այդ մութ անկյունները վեճերն ու տհաճ խոսակցություններն են, առանց որոնց այդ փոքրիկ հասարակությունը կլիներ իդեալական, բայց ամեն ինչի իդեալականը վերջում դառնում է անհետաքրքիր, միատոն ու մոռացության է մատնվում): Բայց կա մի աստիճան, որտեղ այդ փոքրիկ հասարակությունը գրեթե հասնում է իդեալական մոդելին։
Իդեալական ընտանիքն այն է, երբ բոլորն իրենց տեղում են, բացակա մարդ չկա։

Ուշացած խոստովանություն․․․

kjhkԱռավոտյան ժամը յոթին զարթուցիչն ասում է՝ վեր կաց: Լսում եմ նրա խոսքն ու քեզ բարի լույս ասում։ Այն բոլոր բարի լույսերից թերևս ամենակարևորը։ Աշխատանքային ժամ է, բոլորը վազում են աշխատանքի, դու՝ նույնպես։ Եթե հիշում ես՝ տանից դուրս գալուց առաջ երբեք չէիր ասում՝ հաջողություն։ Ոչ մի գրկախառնություն, ոչ մի ժպիտ, ոչ մի հայացք։ Ասում էիր՝ ես գնացի, ես էլ ասում էի ՝գնա։ Բայց այդ օրը որոշեցիր հաջողություն մաղթել ու թեթև ժպտալ։ Հաճելի զարմացա և պատասխանեցի՝ հաջողություն։ Բայց մաղթածդ հաջողությունը դարձավ կյանքիս ամենամեծ անհաջողությունն ու ամենասև օրը։
Եթե անկեղծ լինենք, ապա ավելի լավ էր սովորությանդ համաձայն ոչինչ չասեիր ու գնայիր, այդ ժամանակ գոնե կվերադառնայիր ու կասեիր՝ ես եկա։
Մարկեսն ասում է՝ «եթե Աստված կյանքի մի պատառիկ նվիրեր ինձ, ես կքնեի քիչ, կերազեի շատ, հասկանալով, որ ամեն րոպե, երբ փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան»։ Ես էլ ասում եմ՝ եթե Աստված քեզ մի փոքր էլ կյանք նվիրեր, ես չէի քնի ու անդադար կնայեի քեզ, կնայեի՝ մինչև բացեիր աչքերդ ու համբուրեիր ինձ, այնքան կչաչանակեի, մինչև դեմքիդ ժպիտ հայտնվեր (ես հիշում եմ, դա միայն ինձ մոտ էր ստացվում), կշոյեի, կգրկեի այնքան պինդ՝ մինչև ասեիր՝ հերիք է, ցավում է։ Ամբողջ ժամանակ կողքիդ կլինեի, հետդ կգայի աշխատանքի, որ տեսնեի այդքան հարազատ ու հերոսական դեմքդ, որ զգայի ներկայությունդ։ Երբ տեղ հասնեինք, կօգնեի դասավորվել։ Սուրճի իմ ժամին քեզ նույնպես կհյուրասիրեի՝ հաշվի չառնելով, որ երբեք չես խմել, բայց ես միշտ ցանկացել եմ քեզ համար պատրաստել այն։ Կեսօրին պաղպաղակ կհյուրասիրեի, կուտեինք միասին ու դա կլիներ առաջին անգամը, որ ես քեզ կհյուրասիրեի։ Երբեք չեմ մտածել, որ մի օր կարելի է ոչ թե ուզել, այլ տալ։ Քեզ հեռու կպահեի սեղանի մոտից ու կասեի, որ հետևես ինձ՝ տեսնելու համար արդյոք ճի՞շտ եմ անում գործերը, թե՞ ոչ։ Երբ աշխատանքային ժամը մոտենար իր ավարտին, քեզ կնստացնեի մի աթոռի վրա ու կասեի, որ ուղղություն ցույց տաս, թե ոնց ավարտեմ գործերն ու փակեմ դուռը։ Երբ դուրս գայինք փողոց, կառաջարկեի՝ոտքով տուն գնալ։ Դու իհարկե չէիր համաձայնվի ու կասեիր, որ պետք է շուտ տուն հասնել, ընթրել ու քնել, որովհետև վաղը նորից նույն առօրյան է սպասվում։ Բայց խոսքդ բերանումդ, տնօրենդ կզանգեր ու կասեր, որ վաղն ազատ ես ու, որ կհանդիպեք հաջորդ օրը նույն վայրում, նույն ժամին։ Դու իհարկե չէիր հասկանա, որ ես էի դրա հեղինակը, ուրախ-ուրախ կնայեիր ինձ ու կասեիր՝ գնացինք ոտքով։ Կզանգեինք տուն ու կասեինք, որ չսպասեն մեզ, մենք դեռ պետք է երկար քայլենք ու “ճանաչենք” քաղաքը։ Սովորությանդ համաձայն կհարցնեիր ամեն անկյունի, քարի ու արձանի մասին։ Ես կասեի, որ ոչինչ չգիտեմ՝ իմանալով հանդերձ, ու էդպես ամբողջ գիշեր։ Տուն կգայինք լուսադեմին։ Կորոշեինք, որ այդ օրը պետք է կողքիդ քնեմ ու կգնայինք մահճակալի մոտ։ Կպառկեինք, քեզ հատուկ տոնով կասեիր, որ գլուխդ չդրած բարձին, արդեն քնած ես ու կքնեիր։ Ես էլ կքնեի՝ չգիտակցելով կատարված երազանքիս մասին (լուսաբացը դիմավորել դրսում հարազատ մարդու հետ):
Ես մեծ հաճույքով կհրաժարվեի այդ երբերից ու եթեներից, բայց ցավոք այլևս անզոր եմ։ Ինձ մնում է միայն սպասել, որ դու մի օր կհոգնես ինձնից այդքան բարձր գտնվելուց ու երկնքից կիջնես ներքև՝ երազանքս իսկապես կատարելու համար։ Ես միշտ կսպասեմ․․․

Ցտեսություն, բարի գալուստ․․․

новый коллаж 2014 թ-ի եռամսյա ամառային արձակուրդները կարելի էր համարել ավարտված, որովհետև վաղը սեպտեմբերի մեկն էր, ու ես նորից պիտի գնայի դպրոց,այն դպրոցը, որին այդպես էլ երեք տարի չկարողացա հարմարվել ու ինձ համարել նրա մի մասնիկը, ուր ամեն ինչ ուրիշ էր, ուր ամեն ինչ այնքան իրական ու անկեղծ էր, որ դրան նույնիսկ հավատալն էր դժվար։ Ոչ մի նոր զգացողություն (չնայած որ շրջանավարտ ասվածն արդեն ինձ համար էր), միչև չլսվեց ծանոթ ու մշտական ուրախություն ներշնչող ձայն. տիարի ձայնն էր. մեզ էր դիմում՝ շրջանավարտներիս, հիշեցնում էր, որ այդ տարի միայն մենք ենք լինելու կենտրոնում, ու միայն մենք ենք պարտավորվելու (բոլոր առումներով)։ Բայց արդյո՞ք ես հիշում էի, որ այս տարին ինձ համար յուրահատուկ է, որ վերջինն է՝ որպես դպրոցական, որպես աշակերտ ու որպես երեխա։ Չէի հիշում, որովհետև չէի ուզում հիշել, որովհետև էդ օրն ինձ համար ուղղակի իմ հերթական սեպտեմբերի մեկերից մեկն էր, դա այն օրն էր, որ երկարատև դադարից հետո պիտի տեսնեի ընկերներիս, ամեն մեկին մի քանի րոպե գրկեի ու բոլորին հերթով ասեի, որ կարոտել եմ։ Հենց էդպես էլ եղավ, բայց մի քանի րոպե նայեցի նրանց ու հասկացա, որ վերջին սեպտեմբերի մեկն է՝ որպես ոչ թե աշակերտ, այլ որպես սովորող, որպես ամենալավ, ամենաանկեղծ, ամենաբարի ու արդեն հարազատ դարձած ամենակրթահամալիրում։ Մի ամբողջ ուսումնական տարի փորձեցի համակերպվել կարգավիճակիս  ու փորձել ընկերներիս հետ ունենալ էն լավագույն զգացողությունները, որոնք հնարավոր էին։ Իսկ հիմա հասել ենք վերջին ու, այնուամենայնիվ, ուզում ենք հետ դառնալ։ Բայց կա մի շրջան, որտեղ ամենաերեխայականից պիտի սահուն անցում կատարենք ամենամեծական միջավայր, իսկ մեզ մնացել են ընդամենը հաշված օրեր այդ կետին հասնելու համար։
«Ցտեսություն» ասելը միշտ չէ, որ հեշտ է լինում, միշտ չէ, որ «մինչ նոր հանդիպում» իմաստն է կրում, մեկ-մեկ (ինչպես հիմա) պիտի ասենք էդ բառն ու գնանք ինչ-որ ուրիշի «բարև» տալու համար, «բարի գալուստ» լսելու համար․․․

Իմ սիրած արվեստագետը…

скачанные файлы
Նկարիչներ, երաժիշտներ, քանդակագործներ, հասարակ մարդիկ` մենք բոլորս ենք արվեստագետ:
Սրահում` նկարի կողքին կանգնած էր նկարի հեղինակը: Բոլորը գլուխ են ջարդում աճուրդին մասնակցելու համար, իսկ ես փորձում եմ հասկանալ, ընկալել նկարի իմաստը: Չի ստացվում, էսպիսի նկարները երբեք չեմ հասկացել ու իմաստ չեմ գտել դրանց մեջ: Քայլերս ուղում եմ դեպի դուռն ու ուզում դուրս գալ սրահից, բայց ծերուկը միտքս փոխում է: Մի քանի վայրկյան առաջ տիրող խառնաշփոթն անտանելի էր, իսկ հիմա քար լռություն ընդամենը մեկ բառից հետո: Հնչեց մի ծեր, դողացող ձայն, որը լռեցրեց բոլորին, կարծես մեռավ քաղաքը: Իսկ լռությունը կոտրեց ինքը` նկարի հեղինակը:
_ Ինչ-որ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել այս նկարի իմաստը, ինչ-որ մեկն ինձ կարո՞ղ է ասել, թե ինչի՞ համար է այն հավանել ու ինչու՞ է ուզում գնել:
Բոլորը լուռ են ու ոչ ոք չի համարձակվում խոսել, որովհետև ոչ ոք պատասխան չունի:
_Դուք հետապնդում եք ընդամենը մի նպատակ` գնել նկարը, տանել առանձնատուն, ամրացնել պատին ու ի լուր աշխարհին հայտնել, որ ձեր տանը  մի հանճարեղ գործ կա, որը համարվել է արվեստի գործ ու հիմա գտնվում է ձեր տանը: Անում եք ուղղակի բարձրաձայնելու համար: Էդպես ճիշտ չէ: Մի շատ գեղեցիկ օր ձեր բարեկամները, հարազատները, ընկերները կհարցնեն, թե ո՞վ է նկարի հեղինակը, բայց դուք նույնիսկ իմ անունը չեք հիշի, կհարցնեն, թե ինչո՞ւ եք գնել նկարը, ի՞նչն է ձեզ դուր եկել նրանում, բայց դուք նույնիսկ այդ հարցին չեք կարողանա պատասխանել, որովհետև ինքներդ էլ չգիտեք:
Նորից քաղաքը մեռավ, սրահում քար լռություն է ու բոլորը մտածում են ծերուկի ասածի մասին:
-Այնուամենայնիվ ես ուզում եմ պատմել ձեզ նրա պատմությունը, ուզում եմ հասկանաք իմաստը: Այդ պատմության մասին գիտեմ միայն ես և այն մարդը, ով համարել է այն արվեստի գործ և ուզում եմ, որ դուք էլ պատմությունն իմանալուց հետո միայն ընտրություն կատարեք: Նկարում զետեղված գույներն իմ կյանքի էտապներն են, որոնք խիստ տարբերվում են միմյանից ու ես այդ էտապները ներկայացրել եմ այն գույներով, որոնցով տեսել ու զգացել եմ: Սակայն այս գունային բազմազանությունն ունի ընդհամենը մեկ գույն` սպիտակ, որովհետև սպիտակը մաքրության, պարզության ու անկեղծության գույն է, իսկ ես իմ կյանքը հենց էդպես եմ ապրել: Ու համոզված եմ, որ այդ սպիտակից կա ձեզնից յուրաքանչյուրի մեջ:
Բոլորը լուռ լսում էին, իսկ ծերուկն արդեն վերջացրել էր: Եվս մի վերջին անգամ սրահում տիրեց լռություն, բայց այս անգամ այն ես կոտրեցի: Պատմությունն իմանալուց հետո հարկավոր էր դուրս գալ սրահից, իսկ ոտնաձայներս բոլորին հուշեցին նույն քայլի մասին:
Թե ինչ եղավ նկարի հետ, ես այդպես էլ չիմացա, ինչ որ մեկն այն գնեց, թե ոչ` չգիտեմ: Միայն գիտեմ այն, որ այնուամենայնիվ նկարի իմաստն էլ ընկալելուց հետո, մեկ է այն հանճարեղ գործ համարել չեմ կարող, առավել եվս արվեստի գլուխգործոց:
Արվեստն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը բառերով բացատրելը դժվար է, այն զգալ է պետք, իսկ ես զգում եմ: Ու արվեստագետներն էլ բնավ նկարիչներն ու երաժիշտները չեն:
Իմ սիրած արվեստագետը մեկը չէ, նրանք երկուսն են, նրանք իմ ծնողներն են, ովքեր ստեղծել են մի արվեստանոց, որը կոչվում է ընտանիք…

Հայկական մշակույթը ուշ միջնադարում և նոր Ժամանակների սկզբին…

img
Ա. Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինություննու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ): Հայկական թատրոնն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում: Հին հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություն-ներից: Հայկական մասնագիտացված թատրոնն առաջացել է հելլենիստական դարա-շրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատա-կերգությունից: Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան 2-րդ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատ-րոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում:

Բ. Երկրի քրիստոնեացումը 301 թ. հեղաշրջեց ողջ հոգևոր կյանքը, անջնջելի կնիք գրեց ազգային մշակույթի բնույթի և արտահայտչամիջոցների վրա: Եկեղեցուն անցավ հասարակության գաղափարական և հոգևոր մշակութային կյանքի ղեկը, քրիստոնեական աշխարհայացքը տիրապետող դարձավ հոգևորականության միջավայրում ու սկսեց ներթափանցել հասարակական մյուս խավերի՝ ազատանու և ռամիկների մեջ: Ազգային պետության և եկեղեցու ղեկավարների՝ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվեց հայոց գրերի ստեղծումը 405 թվականին: Մեսրոպ Մաշտոցի (361-440) հանճարեղ գյուտը հեռանկար էր ստեղծում մշակութային հուժկու պոռթկման, ազգային ոգու ու հոգևոր կարողությունների բացահայտման համար: Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների, հաջորդ սերունդների ջանքերով ծաղկում ապրած ոսկեդարյան հարուստ գրականությունը և առհասարակ մշակույթը զորեղ պատնեշ դարձան հարևան տերությունների հոգևոր-գաղափարախոսական ճնշմանը Մեսրոպ Մաշտոց դիմակայելու, հայ էթնոսի ինքնատիպությունը պահպանելու համար: V դարը հայոց պատմության մեջ մտավ որպես եզակի ու բացառիկ երևույթ և պայմանավորեց հետագա դարերի աշխարհընկալման բազմաթիվ կողմերը: Այն ընկած է ազգային նկարագրի հիմքում, այժմ էլ ազդում է մեր գաղափարների, իղձերի և արժեքների համակարգի վրա: Գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջանում հեղինակների և թարգմանիչների մի ամբողջ սերունդ անդադրում ջանքերով կերտեց արտասովոր հարուստ ու բազմաբովանդակ մատենագրություն, որն իր նշանակությամբ դուրս եկավ ազգային շրջանակներից և ձեռք բերեց համամարդկային արժեք: Հայ առաջին մատենագիրները ստեղծագործում էին կենդանի խոսակցական լեզվով, որի հիմքում ընկած էին երկրի կենտրոնական նահանգի՝ Այրարատի խոսվածքները: Մինչև V դարի 60-ական թվականները ստեղծված հայ գրավոր հուշարձաններն աչքի էին ընկնում լեզվի բացառիկ ճոխությամբ, կանոնավորությամբ և մաքրությամբ: Հայագիտության մեջ ընդունված Է այդ լեզուն անվանել «մեսրոպյան» կամ «ոսկեդարյան» հայերեն: Լեզվական այդ կատարելությունր պայմանավորված Էր նախընթաց ողջ պատմական զարգացմամբ: Բացի այղ նրա ծաղկմանը նպաստել էին նաև Աստվածաշնչի այն բանավոր թարգմանությունները, որ կատարել էին քրիստոնյա քարոզիչներր մինչև քրիստոնեության պաշտոնականացումն ընկած երկարատև ժամանակաշրջանում:

Գ. Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։ Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (ՈւտիքԱրցախ) բացվեց Ամարասի վանքում։

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։

Նախկին դպրոցներում, որտեղ երեխաներին ուսուցանում էին ասորերեն կամ հունարեն լեզուներով, ուսուցումն սկսեց տարվել հայերենով և նոր գրերով։ Ի տարբերություն հեթանոսության շրջանի, երբ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մաշտոցի հիմնած դպրոցները կրթեցին մեծ թվով մանուկների՝ առաջ բերելով մշակութային հզոր շարժում, որը կոչվում է ոսկեդար։

Երկարատև բեղուն գործունեությունից հետո Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեցԱմատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

5-7-րդ դարերում մեծ զարգացում ապրեց հայ դպրոցը։ Դեռևս Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի օրոք մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում։ Նրանք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն։ Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև 6-7-րդ դարերում։ Հունական փայլուն կրթություն ստացած հայ գործիչների շնորհիվ մեծապես հղկվեց հայերենը, ստեղծվեց հունական դպրոցը։ Էլ ավելի աճեց դպրոցական ցանցը։ Դպրոցներ գործում էին գործնականում բոլոր գավառներում։

Կրթությանը մեծ հարված հասցրեց Հայաստանում արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:

Աղբյուր՝ http://www.mfa.am/hy/armenia-culture/

http://happyholidays.am/hy/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%A8/
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B2_%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9

http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_vagh_mijnadaryan_mshakuyty_hayastanum

Մշակույթ…

kultura
Հայ լեզվամտածողության մեջ «Մշակույթ» հասկացությունը իմաստավորում է հոգևոր արժեքների ամբողջությունը և առավելապես գործածվում է հոգևոր արժեքների նշանակման համար: Մշակույթի ողջ էությունը հասկանալու համար, այն պետք է ուսումնասիրել փիլիսոփայական դատողություններում և տեսություններում: Ի. Կանտը կուլտուրան սահմանել է ոչ այնքան և ոչ միայն որպես այն ամենը, ինչ
մարդկությունը ստեղծել է իր նպատակադիր-ստեղծագործական-վերափոխիչ գործունեության արդյունքում, այլ այն և միայն այս ամենը, ինչը ծառայում է մարդու բարօրությանը և հումանիստական է: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են մարդու հոգևոր կյանքին ու ներաշխարհին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Չի կարելի մշակույթի այս երկու
ձևերը հակադրել միմյանց: Սրանք միասնականության երկու, իրար փոխադարձաբար պայմանավորող կողմերն են, որոնցից որևէ մեկի բացակայությունը կնշանակի, որ չկա մշակույթ ընդհանրապես: Բայց, այնուամենայնիվ, հոգևոր մշակույթը գերադաս է մշակույթի
մեջ: Առանց գաղափարի ու մտահղացման, գիտելիքի ու մարդու ներաշխարհի զգայական ներդաշնակության, չկա նյութական մշակույթ:: Նյութական մշակույթի մեջ խտացված է մարդկանց՝ բնության նկատմամբ
պրակտիկ-ճանաչողության աստիճանը, մտավոր-ստեղծագործական ուժերի զարգացվաշության մակարդակը, փորձի ու կարողությունների խորությունը: Նյութական մշակույթի մեջ կիզակետված են տեխնիկայի կատարելության աստիճանը, դրանց տեխնոլոգիական
մշակման ու օգտագործման մակարդակը և ստեղծման որակական կողմը: Նյութական մշակույթի արժեքների համակարգը քաղաքակրթական է, որտեղ կարևորագույնը ոչ միայն այդ արժեքների որակական էությունն է, այլև դրանց նկատմամբ կուլտուրական՝ դրական, հումանիստական վերաբերմունքը:
Մշակույթի ուղղություններից է մանրանկարչությունը: Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով: Մանրանկարչությունը ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով: Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):
Հայկական մանրանկարչությունը սկզբնավորվել է դեռ 405 թվականից: Պահպանված հնագույն նմուշները վերաբերչում են 6-7 դարերին: Եվ չնայած 1512թ. Տպագրվում են հայերեն առաջին գրքերը, բայց ձեռագիր մատյաններ շարունակել են ստեղծել ընդուպ մինչև 19-րդ դարերը:
Հայտնի է, որ թանաքը և ներկերը հաճախ պատրաստել են հենց իրենք՝ գրիչները և նկարիչները, ընդ որում հայ վարպետներն այդ գործում հասել են կատարելության: Ներկերը հիմնականում պատրաստում էին տեղական, հազվագյուտ դեպքում՝ ներմուծված հումքից: Հայտնի ո, որ կարմիր ներկը հայերը ստանում էին կարմիր որդից (որդան կարմիր):
Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը: Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դ.), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դ.) և ուրիշներ, Սկևռայում՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դ.) և այլք, Սիսում՝ Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Ավագը (14-րդ դ.) և այլն:
Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում: Նա աստվածաշնչային թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր: Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների:
Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը: Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը: Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր:
Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը (օրնամենտ): Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների, գլուխների վերնագրերի, գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը: Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար:

Աղբյուրներ՝ http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1310
http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9
http://srbapatker.net/am/manrankarchutiun.html
http://www.matenadaran.am/?id=264&lng=3
Հակոբյան Ս. Մ.-Փիլիսոփայություն