Դիջիպատում (առաջին կիսամյակ)

Image
Երկրորդ սեպտեմբերն ու դրան հաջորդող ամիսներն էլ անցկացրի կրթահամալիրում ու վերջապես սիրեցի այն։ Ուսումնական տարին սկսեցի ավելի ուրախ, տրամադրված, բայց, չգիտեմ ինչու, էդպես չշարունակվեց։ Չեմ կարող ասել, որ այս տարի ամեն ինչ ավելի լավ ու հետաքրքիր էր, ուղղակի արդեն ընտելացել էի բոլորին ու ամեն ինչի ։ Անցած տարի ոչնչին տեղյակ չէի ու ամեն բան նոր էր ինձ համար ու ավելի հետաքրքիր։ Այս տարին նույնպես իր մեջ հետաքրքրություն ուներ,2013-ում նույնպես ինչ-որ ուրախալի բաներ տեղի ունեցան։ Հենց այս տարի էր, որ վերջապես որոշեցի, թե ինչ ակումբ եմ ընտրելու ու ամեն անգամ հիշատակելով ակումբի անունը, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում ընտրությանս համար։ Գիտակների ակումբից եմ։ Երևի թե դասացուցակիս մեջ ամենասիրելի, հետաքրքիր ու տեղեկատվական ժամն է։
Այս տարի ավելի հեշտ ընտելացա համակարգչային գործողություններին, քանի որ note-book, net-book-ները դարձան պարտադիր մեր ուսումնական պարապմունքների ընթացքում։ Սկզբում շատ էի նեղվել էդ հանգամանքից, նույնիսկ այնքան, որ պատրաստ էի դպրոցից դուրս գալ, բայց չկարողացա՝ հասկանալով , որ հազիվ եմ ընտելացել ամեն ինչին։ Ինձ համար էդ մի քիչ բարդ ընթացք է։
Ինչևէ։ Շատ ուրախ եմ, որ դուրս չեմ եկել դպրոցից։ Այն շատ հարազատ է դարձել ինձ, ինչքան էլ չէի հավատում դրան։
2013-ի երկրորդ կեսում մի քանի ուսումնական նախագծեր իրականացրեցի տարբեր առարկաներից՝ էկոլոգիախոսքի մշակույթարվեստ և այլն, դրանք կարող եք տեսնել իմ բլոգում:Մանակցեցի մի քանի ճամփորդությունների, որոնցից շատերի համահեղինակներն ու մասնակիցները հենց գիտակներն էին։ Եվ ամենակարևորը, սիրելին, հիշողություններով ու բազում ծանոթություններով լի, ակումբների յոթնօրյա բաց հավաքն էր Գանձասարում։ Միշտ էլ շատ եմ սիրել Լեռնային Ղարաբաղը, չնայած նրան, որ չէի եղել էնտեղ։ Բայց էս տարի շատ ուրախ եմ, որ գնացի ու վերջապես տեսա բնության հրաշքը։ Յոթ օր ու միայն բարի հիշողություններ, նոր մարդիկ, հին ընկերներ ու հետաքրքիր առօրյա։ Ընկերներով տեղ գնալն ուրիշ հաճույք է։

Շատ մեծ ցանկություն ունեմ այցելելու նաև Գյումրի, էնտեղ նույնպես չեմ եղել, բայց էլի շատ շատ եմ սիրում։ Ուրախ կլինեմ ու հուսով եմ, որ 2014-ին իմ սիրելի սեբաստացիների հետ կգնամ նաև էնտեղ։
Այսքանը 2013-ի երկրորդ կեսի ընթացքում կրթահամալիրում անցկացրած օրերիս մասին ։ Բոլորիս մաղթում եմ, որ 2014-ն ու երկրորդ կիսամյակը սկսենք ավելի տրամադրված ու պատրաստակամ բոլոր առումներով։


Leave a comment